• English
  • Հայերեն
Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Պատմական ակնարկ
    • Լրագրեր
    • Ակնառու հայեր
  • ԴԱՆԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
  • ՆՈՐՎԵԳԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ

Հայ–շվեդական հարաբերություններում չիրացված ներուժ կա. դեսպան Արտակ Ապիտոնյան

04 դեկտեմբերի, 2014

Tert.am–ի հետ բացառիկ զրույցում Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանն ասում է, որ Շվեդիան մեզ համար առանցքային երկիր է հյուսիսային Եվրոպայում, որի հետ բոլոր ոլորտներում սերտ համագործակցություն վարելը մեր եվրոպական օրակարգի կարևոր բաղկացուցիչ մասերից է։ Դեսպանի խոսքով՝ տնտեսական հարաբերությունների հարցում մեծ անելիքներ կան։ «Առևտրաշրջանառության ծավալները հեռու են առկա հնարավորություններին համապատասխանելուց, թեև անցյալ տարվա համեմատ ունենք մոտ 30%-ի աճ»,– ասում է դեսպանը՝ ավելացնելով, որ առևտրա-տնտեսական հարաբերություններին զարկ տալու ուղղությամբ դեսպանությունը մշակել է բազմաթիվ միջոցառումներից բաղկացած ծրագիր, որը հետևողականորեն իրականացնելու է։

– Մեկ շաբաթ առաջ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցի շրջանակներում տեղի ունեցավ Շվեդիայում Հայաստանի դեսպանության բացումը: Դեսպանության ողջ անձնակազմին մաղթում ենք հաջողություններ ձեր առաքելության մեջ։ Հայաստան–Շվեդիա երկկողմ հարաբերություններն ի՞նչ բնութագրական հատկանիշներով կներկայացնեք:

– Շնորհակալություն բարեմաղթանքների համար։ Այո՛, նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ դեսպանության բացման հանդիսավոր արարողությունը, թեպետ հարկ է նշել, որ տվյալ դեպքում բացման արարողությունն առավել խորհրդանշական բնույթ է կրում, քանի որ դեսպանությունը արդեն լիարժեք գործում է հունվար ամսից: Այդուամենայնիվ, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը և դեսպանության պաշտոնական բացման արարողությունը ևս մեկ առիթ էր շվեդ հասարակությանը, ինչպես և դիվանագիտական շրջանակներին ազդարարելու Հայաստանի և Շվեդիայի միջև խորացված համագործակցության նոր սկիզբը, այսպիսով` ներկայացնելով այն կարևորությունը, որը Հայաստանը հատկացնում է Շվեդիայի հետ հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը, ինչը փաստվում է այդ երկրում դիվանագիտական ներկայացուցչության հիմնումով։

Մեզ համար Շվեդիան հանդիսանում է առանցքային երկիր է հյուսիսային Եվրոպայում, որի հետ բոլոր ոլորտներում սերտ համագործակցություն վարելը մեր եվրոպական օրակարգի կարևոր բաղկացուցիչ մասերից է։ Վերջին տասնամյակում նկատվում է նաև Շվեդիայի կողմից հարավային Կովկասի և, մասնավորապես Հայաստանի հանդեպ հետաքրքրության աճ՝ պայմանավորված, ի թիվս այլոց, նաև ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքականության մեջ այս երկրի կարևոր դերակատարությամբ: Կարծում եմ երկու երկրների համատեղ որոշումը մեկ տարվա ընթացքում բացել դեսպանություններ Ստոկհոլմում և Երևանում, այն պարագայում, երբ շատ տեղերում նկատվում է հակառակ գործընթացը, խոսում է երկուստեք տրվող քաղաքական կարևորության մասին։

Եթե բնութագրելու լինենք հայ-շվեդական հարաբերություններն այսօր, կարող ենք խոսել վստահալից գործընկերության և փոխըմբռնման բարձր մակարդակի մասին, որի բնութագրիչն է ակտիվ քաղաքական երկխոսությունը, հատկապես արտգործնախարարությունների և անձամբ նախարարների մակարդակով։ Այս առումով արտգործնախարար Նալբանդյանի այցը խիստ կարևոր էր և բացառիկ հաջող` նոր կառավարության և խորհրդարանի հետ շփումների հաստատման և հայ-շվեդական երկխոսության շարունակականության ապահովման տեսանկյունից թե´ երկկողմ ձևաչափով, թե´ ԵՄ-ի հետ համագործակցության համատեքստում: Ներկայումս քայլեր ենք ձեռնարկում այդ երկխոսությունն ընդլայնելու ուղղությամբ՝ ընդգրկելով նաև կառավարական և խորհրդարանական շրջանակները։

Մենք բարձր ենք գնահատում նաև Շվեդիայի՝ որպես Մինսկի խմբի անդամ երկրի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում և միջազգային հարթակներում խնդրի արծարծման ժամանակ նրա դրսևորած ծանրակշիռ, անկողմնակալ ու կառուցողական դիրքորոշումը։

- Ո՞ր կապերն են՝ մշակութային, կրթական, տնտեսական, որ առավել զարգացած եք համարում և հարաբերությունների զարգացման ի՞նչ պոտենցիալ եք տեսնում։ Որքա՞ն է կազմում Հայաստան-Շվեդիա ապրանքաշրջանառությունը, արդյո՞ք դա բավարար եք համարում հայ-շվեդական տնտեսական համագործակցության ոլորտում:

– Քաղաքական երկխոսությանը զուգահեռ առաջնային ենք համարում, իհարկե, հարաբերությունների ամրապնդումը ձեր թվարկած բոլոր ուղղություններով։ Օրինակ՝ կրթամշակութային կապերի զարգացումը և խորացումը խիստ կարևոր դերակատարում ունի երկու ժողովուրդների փոխճանաչողության բարձրացման համար: Նույնիսկ ռեզիդենտ դեսպանությունների բացակայության պարագայում, մշակութային և կրթական կապերն անցած տարիներին գրանցել են հաջողություններ: Մի քանի տասնյակ հայ ուսանողներ կրթություն են ստացել շվեդական առաջատար բուհերում, Շվեդիայում հյուրախաղերով հանդես են եկել Հայաստանից մշակույթի գործիչներ և խմբեր: Այդուհանդերձ պետք է նշեմ, որ կապերը հիմնականում կրել են ինքնաբուխ, անհատական կամ հատվածային բնույթ, որոնց զգալի մասը սառեցվել է Շվեդիայի կողմից Հայաստանին հատկացվող աջակցության ծրագրերի կրճատումից հետո:

Այդ կապակցությամբ առաջընթաց կարևոր քայլ եմ համարում «Շվեդական ինստիտուտ» կառավարական հաստատության կողմից 2015թ-ից հայաստանցի ուսանողներին կրթաթոշակների արտոնյալ տրամադրման վերսկսումը, ինչը բարենպաստ ազդեցություն կունենա կրթական փոխանակումների վրա: ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամության խմբի նախագահ, պատգամավոր  Սամվել Ֆարմանյանի հետ միասին փորձում ենք նաև վերակենդանացնել Շվեդիայում ուսանած հայաստանցի ուսանողների ասոցիացիայի գործունեությունը, ինչը թույլ կտա լիարժեք օգտագործել նախկին ուսանողների ներուժը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում:

Մշակութային ոլորտում համատեղ հայ-շվեդական ծրագրերի իրականացման իմաստով նաև լավ հնարավորություններ է բացում Հայաստանի ներառումը նույն Շվեդական ինստիտուտի «Ստեղծագործական ուժ» ծրագրում՝ կրկին հաջորդ տարվանից: Պետք է զարկ տանք մշակութային փոխանակումներին՝ ցուցահանդեսներ, փառատոններ, համերգներ և ներկայացումներ, գրահրատարակչական ծրագրեր և այլն։

Շատ լավ արդյունքներ ունենք գրանցված երկու երկրների ճյուղային համագործակցության մեջ, օրինակ` վիճակագրության, արտակարգ իրավիճակների, միգրացիոն ծառայությունների ոլորտներում շվեդական օժանդակությունը ու լավագույն փորձի ներդրումը։ Այս ուղղություններն իրավամբ համարվում են ՀՀ պետական կառավարման համակարգում օրինակելիներից և կարծում եմ դրանց հաջողության մեջ առկա է նաև շվեդական գործոնը:

Ճյուղային համագործակցության աշխուժացման տեսանկյունից բարձր ենք գնահատում նաև Շվեդիայի կառավարության կողմից այս տարվա ընթացքում հաստատված Բարեփոխումային համագործակցության նոր ռազմավարության ծրագիրը, որի շրջանակներում մենք հնարավորություն կունենանք շվեդական կողմի աջակցությամբ Հայաստանում իրականացնել ծրագրեր բնապահպանության, էներգետիկ արդյունավետության բարձրացման և վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Կարևոր ենք համարում նաև նշված ռազմավարության շրջանակներում քաղաքացիական հասարակության ամրապնդման, հասարակությունում կանանց դերի բարձրացման և այլ ծրագրերի իրականացումը Հայաստանում:

[...]

Հոդվածի շարունակությունը և բնօրինակը այստեղ

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Շվեդիա, Ստոկհոլմ, 113 59, Սվեավեգեն 76

Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: