• English
  • Հայերեն
Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Պատմական ակնարկ
    • Կազմակերպություններ
    • Եկեղեցի
    • Լրագրեր
    • Ակնառու հայեր
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԴԱՆԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • ՆՈՐՎԵԳԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Պատմական ակնարկ

Հայ-շվեդական հարաբերությունների պատմությունը

Հայ-շվեդական առընչությունները սկիզբ են առնում վաղ միջնադարից։ Հայ մատենագրության մեջ սկանդինավյան աշխարհին վերաբերող առաջին վկայությունը գտնում ենք Անանիա Շիրակացու «Աշխարհացույցում», որտեղ մասնավորապես նշվում է, որ «Օվկիանոսում, Սարմատիայի և Գերմանիայի հանդեպ գտնվում է մի այլ կղզի ևս, որը կոչվում է Սկանդե: Այստեղ ապրում են գոթերը և բազմաթիվ այլ ժողովուրդներ»։ Ամերիկացի հայագետ Ռոբերթ Հյուսենը ենթադրել է, որ Շիրակացու հիշատակած Սկանդեն հավանաբար հարավային Նորվեգիան կամ Շվեդիան է։

10-րդ դարում շվեդական մի ավանդության հա­մաձայն Պետրաս անունով մի նա­վաստի այնքան է հմայվել հայ իշ­խանուհու գեղեցկությամբ, որ ճանապարհորդել է Հայաստան և ամուսնա­ցել նրա հետ։ Որոշ պատմաբաններ հավաստում են, որ շվեդներն ասեղնադործության արվեստը փոխառել են հայերից։ Շվեդների և սկանդի­նավյան մյուս ժոդովուրդների նախ­նիները՝ վիկինգներն ու վարյագնե­րը, Արևելք կատարած արշա­վանքների և այցելությունների ժա­մանակ հաղորդակցվել են հայերի հետ։ 9-10-րդ դարերում «ջրային մեծ ճանապարհը» Վոլգա գետով Սկանդինավիան կապել է Միջին Ասիայի, Կովկասի և Իրանի հետ, իսկ 10-րդ դարից սկսած Ռուսիայի, Բյուզանդիայի և Միջին Արևելքի հետ։ Նշված բոլոր երկրներում վաղ միջնադարից բնակվել են հայեր։ Վիկինգները հայությանը մեծ մասամբ առնչվել են Փոքր Ասիայում և Կոստանդնապոլսում, որը նրանք անվանել են Միքլագորդ կամ Միքլագորդուր։ Հաստատվելով այնտեղ սկանդինավցիները զբաղվել են առևտրով՝ խառնելով Հյուսիսային լեզուն Արևելքի բազմալեզու ժխորին։

850 թվականից սկսած վիկինգները սլավոնական ցեղերի հետ համախմբված մի քանի արշավանքներ են կատարել դեպի Բյուզանդական կայսրություն և Կովկաս։

914-ին վարյագները ներթա­փանցել են Հայաստանի հյուսիսա­յին գավառները, զբաղվել առևտրով և թալանով։ Շվեդիայում հայտնաբերվել են հայկական ծագում ունեցող մի շարք հնություններ, և շվեդ մասնագետները պարզել են, որ հայտնաբերված որոշ զարդեր Սկանդինավիա են հասել հայկական Պարտավ (Բարդա) քաղաքից (Ուտիքի նահանգ)։

Հայ ժողովրդի առնչությունները բուն սկանդինավյան ժողքվուրդների և երկների հետ ավելի ակտիվ բնույթ են կրել 16-րդ դարում։ Հայ ճանապարհորդ-մատենագիր Փիրզադե Ղափանեցին 1568 թվականին այցելել է Արևմտյան Եվրոպայի խոշոր երկրները, այդ թվում Սկանդինավիա և իր «Ուղևորություններում» Շվեդիան հի­շում է որպես «Շիվեցոց երկիր»։ 1654-56թթ-ին Պարսկաստանում և Արևմտյան Հայաստանում ճամփորդած շվեդ ճա­նապարհորդ Մաթսոն Շյոփփինգը իր նոթերում գրել է. «Հայերը հայտնի են... իրենց ողջախոհությամբ, աստվածասիրությամբ և հավատարմությամբ»։

Հայ-սկանդինավյան առնչությունների պատմության առաջին նշանակալից դրվագը կապված է հայ առևտրականների եվրոպական գործունեության հետ։ Նոր Ջուղայի վաճառականները Շվեդիա են հասցրել մետաքս, գոհարեղեն, զենք։ 1687թ-ին նրանք պայմանագիր են կնքել Շվեդիայի արքու­նիքի հետ և ձեռք բերել 2 տարվա ազատ առևտրի իրավունք՛ բացելով սեփական առևտրական կենտրոն­ները Ստոկհոլմում և Նարվայում։ Պայմանագրի ութ էջանոց ձեռագիր տեքստը պահվում է Ստոկհոլմի Թագավորական գրադարանում։ Գոյություն ունի նաև ձեռագրի ֆրանսերեն թարգմանությունը, ինչը վկայում է, որ հայ վաճառականները շվեդների հետ հաղորդակցվել են ֆրանսերենով, ինչը բավականին տարածված էր 17-րդ դարի Շվեդիայում։ Այս պայմանագիրը զգալի արտոնություններից բացի Ջուղայի վաճառականներին հնարավորություն տվեց բացել արտադրություններ Ստոկհոլմում արքունիքի հովանավորության ներքո։ Դրանից բացի, շվեդական արքունիքի աջակցությամբ հայ վաճառականների համար Նարվայում կառուցվեցին հյուրատուն և պահեստ։ Վաճառականները վճարում էին երկու տոկոսանոց մաքս իրենց հայրենիքից Շվեդիա ներկրված ապրանքների համար և մեկ տոկոսանոց մաքս եվրոպական այլ երկրներում ձեռք բերված ապրանքները Շվեդիայի տարածքով Պարսկաստան տեղափոխելու համար։ Այսպիսով Նովգորոդի ուղիով առևտուրը որոշ ժամանակ անց գերազանցեց Արխանգելսկի ուղուն՝ Նոր Ջուղայի հետ առևտրական ուղին ձգելով Նովգորոդից մինչև Մոսկվա, այնուհետև Վոլգա գետով դեպի հարավ, որը 1690թթ. վերածվեց պարսկական մետաքսի առևտրի հիմնական այլընտրանքային ուղուն։

Այնուամենայնիվ, 1700-1721թթ. Ռուսաստանի, Դանիայի, Նորվեգիայի և Սաքսոնիայի (Հաննովեր և Պրուսիա) դաշինքի և Շվեդիայի միջև ծագած Հյուսիսային մեծ պատերազմի պատճառով վերջ դրվեց Նոր Ջուղայի հայ վաճառականների և Եվրոպայի միջև այս կարևոր և եզակի առևտրին, որը շահեկան էր երկու կողմերի համար։ 

 

Հայերը Շվեդիայում (18-19 դարեր)

Շվեդիայում հաստատ­ված աոաջին խումբ հայերը զինվորականներ էին: 1714թ-ին մի զորախումբ, կազմված հայերից, հույնե­րից, հրեաներից, արաբներից ու թուրքերից, ուղեկցել է Կ.Պոլսում հյուրընկալված Շվեդիայի Կարլ 12-րդ թա­գավորին տունդարձի ժամանակ։

18-րդ դարից սկսած հայեր են աշխատել արևելյան մի քանի երկրների շվեդական դեսպանատնե­րում։ 1721թ-ին Կոստանդնուպոլսում շվեդական դեսպանատան թարգմանն էր Հակոբ Չամիչօղլյանը (Չամիչյան, 1685-1757), Զմյուռնիայում Հովհաննես Մուրատճայանը (Մուրադջյան, 1721-1787): 17-րդ դարում Շվեդիայում բնակվող լեհահայ ազնվական Զակարիաշ Գամոցկին եղել է Կարլ 10-րդ թագավորի դիվանագետ-թարգմանը։

Շվեդիայի դիվանագիտության պատմության մեջ կարևոր հետք են թողել Հովհաննես Մուրադջայի որդին Իգնատիուս Մուրադջա դ՛Օսսոնը (1740-1807) և թոռը քաղաքական գործիչ և արևելագետ Աբրահամ Կոնստանտին դ՛Օսսոնը (1789-1851), որոնց կենսագրությունները մշտապես տեղ են գտնում շվեդ ականավոր գործիչերին նվիրված կենսագրական տեղեկատուներում։ Շվեդիային մատուցված ծառայությունների համար Իգնատիուս Մուրադջա դ՛Օսսոնին շնորհվել է շվեդ ազնվականի տիտղոս, իսկ նրա որդին Աբրահամ Կոնստանտին դ՛Օսսոնը բարձրացվել է բարոնի աստիճանի։ Այդ մասնին թագավորական հրովարտակները, ինչպես նաև Մուրադջա դ՛Օսսոն տոհմի զինանշանները այժմ պահվում են Ստոկհոլմի Ազնվականության տանը (Ռիդդարհյուսեթում)։

Աբրահամ Կոնստանտին դ՛Օսսոնը նաև հետաքրքրություններ է ունեցել կենսաբանության և քիմիայի բնագավառում։ Նա շվեդ գիտնական Յոնս Յակոբ Բերզելիուսի (1779-1848թթ.) մտերիմ ընկերն է եղել։ Դ՛Օսսոնը 1805թ-ին աշխատել է նրա տարրալուծարանում որպես ընթերակա, կատարել հանքանյութերի վերլուծություններ և հետազոտություն գրել կանաչ սպաթների մասին։ Այս աշխատությունը հրատարակվել է Շվեդական Ակադեմիայի գիտական աշխատությունների ժողովածուում։ Բերզելիուսի օժանդակությամբ էլ դ՛Օսսոնը 1817թ-ին դարձել է Շվեդիայի Գիտությունների ակադեմիայի անդամ։ Դ՛Օսսոնը կտակել է իր գրադարանը Լունդի համալսարանին (300 գիրք և 17 արևելյան ձեռագրեր):

1828-57թթ. Շվեդիայի և Նորվեգիայի գերագույն հյուպատոսը Եգիպտոսում եղել է դամասկոսցի հայ Ջովաննի Անաստազին (Հովհաննես, 1770-1857), Կ.Պոլսում Շվեդիայի դեսպանատանը կարևոր պաշտոն է վարել Պաուլ Սերպինոն (Սաֆարյան)։

1867-72թթ-ին Շվեդիայում է բնակվել Օհան Դեմիրճյանը (Եգիպտոսի արտգործնախարար Ստեփան Դեմիրճյանի որդին)։ Վերջինս 1866-ին եկել է Շվեդիա որպես Եգիպտոսի խդիվ Իսմաիլ փաշայի դեսպանորդ։ Նա Շվեդիայի Կարլ 15-րդ թագավորին ընծայել է երկու բերբերական նժույգ։ Հաստատվելով Ստոկհոլմում՝ 1867թ-ին նա ստացել է շվեդական քաղաքացիություն և դարձել է արքունի ախոռապետը։ Ստոկհոլմի մոտ Օվեր-Յարվա արվարձանում, Դեմիրճյանը կառուցել է արևելյան ոճի առանձնատուն, և, ինչպես հայտնաբերվել է վերջերս, նաև մատուռ։

19րդ դարի մեծանուն բանասեր Նորայր Բյուզանդացին (Nօandre de Bysance or Norayr N. de Bycance, իր իսկական անունն է Ստեփանոս Գափեզյան, 1844-1916) ապրել է Շվեդիայում 1882-1903թթ. Հանդիսանալով Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ՝ նա թողնում է հոգևոր ծառայությունը, ամուսնանում է ազգությամբ հրեա Սելմա Յակոբսոնի հետ (վերջինս շվեդական արքունիքի լուսանկարիչ էր, կնքվել էր հայկական եկեղեցում և վերցրել Սաթենիկ անունը), և տեղափոխվում է Ստոկհոլմ։ Նա հրատարակել է Հայ-ֆրանսիական բառարան իր կնոջ ֆինանսական աջակցությամբ (1884թ., Կոստանդնապոլիս)։ Նորայր Բյուզանդացին 1887թ-ին հրատարակել է Սկանդինավիայում առաջին հայալեզու պարբերականը՝ «Քննա­սեր» խմորատիպ հանդեսը։ Նորայր Բյուզանդացին նաև գրել է հոդվածներ Օսմանյան կայսրությունում իրականացվող հայերի կոտորածների մասին Շվեդիայի առաջատար «Աֆտոնբլադետ» և «Ստոկհոլմ դագբլադետ» պարբերականներում։ 

Նորայր Բյուզանդացին կտակել է իր ամբողջ ունեցվածքը (այդ թվում նաև արխիվը և գրադարանը), որը կազմում էր մոտ 125 հազար Շվեդական կրոն, Շվեդիայի «Ֆրեդրիկա Բրեմեր» կանանց բարեգործական միությամը։ 1980-ականներին այդ հիմնադրամը վերանվանվեց «Fredrika Bremer förbundets förvaltade fondar»։ Չնայած, որ Նորայր Բյուզանդացին մահացել է Վենետիկում, որոշ ժամանակ անց իր աճյունը տեղափոխվել է Ստոկհոլմ՝ հուղարկավորվելով իր կնոջ շիրիմի կողքին։

Հայտնի է, որ շվեդ Լյուդվիգ Նոբելն առաջինն է եղել, որ Բաքվից նավթ է արտահանել Եվրոպա, 1881-ին։ Նոբել եղբայրները Բաքվում առևտրական կապերի մեջ են եղել հայ նավթարդյունաբերողնեի հետ։ Նրանք Բաքու ոտք են դրել 1875 թվականներին և իսկապես մեծ ներդրում են ունեցել արդյունահանումը եվրոպական, համաշխարհային չափանիշների մակարդակին բարձրացնելու գործում, մինչդեռ նրանցից առաջ, տակավին 1850-1854 թվականներին, հայերն էին սկսել նավթահանքերի վարձակալումը, որ մեծապես առաջ մղվեց վաճառական հովհաննես Միրզոյանի օրոք, հատկապես 1871թ-ից սկած։

 

Հայագիտությունը Շվեդիայում

Շվեդիայում, Դանիայում և Նորվեգիայում եղել են հայագետներ և տարբեր բնագավառների գիտնականներ, որոնք այս կամ այն չափով հետաքրքրվել են հայոց պատմությամբ, գրականությամբ և մշակույթով։

Սկանդինավիայում հայագիտության հիմնադրման թվականը կարելի է համարել 1723թ., երբ Ստոկհոլմում լույս է տեսել Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» համառոտության լատիներեն թարգմանությունը։ Այն կատարել է շվեդ արևելագետ, փիլիսոփա, Ուփսալայի համալսարանի դասախոս Հենրիկ Բրենները: Վերջինս առաջին եվրոպացի խորենացիագետն է։ 18-րդ դարի առաջին կեսին Ուփսալայի համարսարանում շվեդ ականավոր աստվածաբան Ուլոֆ Ցելսիուսը լատիներեն գիտաթեզ է գրել հայ եկեղեցու մասին։ Հայ եկեղեցու հանդեպ շվեդների հետաքրքրությունը շարունակել է հաջորդ հարյուրամյակում ևս։ Հայաստանով հետաքրքրվել են ոչ միայն շվեդ բանասերներ, այլև աստվածաբաններ, պատմաբաններ, արվեստաբաններ, աշխարհագետներ։ Շվեդ արևելագետ և արվեստաբան Ֆրեդրիք Մարթինը զբաղվել է հայկական գորգերով։ Ազգագրագետ Նիքոլաս Ֆոքքերը արևելյան գորգերին նվիրված իր աշխատության մեջ ներառել է նաև Հայաստանի և Կովկասի հայկական շրջանի գորգերը։

Ուփսալայի համալսարանի երկու աստվածաբան պրոֆեսորներ հետաքրքրվել են հայ իրականությամբ, իսկ Լունդի համալսարանի խորհրդագիտության և պատմության դոցենտ Քլաս Յորան Կարլսոնը վերլուծական աշխատություն է գրել Խորհրդային Հայաստանի վերջին տարիների մասին։

Շվեդ հետազոտող Ուլֆ Բյորքլյունդն ուսումնասիրություն է նվիրել հայ Սփյուռքին, որը լույս է տեսել 2001թ-ին Ստոկհոլմում։


Հայ մշակութային արժեքները Շվեդիայում
Ուփսալայի համալսարանի նշանավոր գրադարանում պահվում են նաև հայերեն ձեռագրեր։ Դրանց մասին առաջին անգամ վկայել և նկարագրել է Ֆրանսիայի հայագետ Ֆրեդրիկ Մակլերը։ Մասնագետները հայկական են համարում Ստոկհոլմի պատմության թանգարանում պահվող թռչնազարդ գորգը և Գյոթեբուրգի թանգարանի դեկորատիվ արվեստի և արհեստների թանգարանում պահվող թռչնազարդ գորգի կտորները։ Ստոկհոլմի Ազգային թանգարանում պահվում է նաև մեկ այլ հայկական գորգ՝ գործված 17-րդ դարում։


Շվեդական արձագանքը Համիդյան ջարդերին և Ցեղասպանությանը

1894–1896թթ. հարյուր հազարավոր հայեր դարձան Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ 2րդ-ի կազմակերպած կոտորածների զոհը: Թուրքերը սիստեմատիկ կերպով բնաջնջում էին հայ բնակչությանը՝ ավերելով իրենց քաղաքներն ու գյուղերը և իրականացնելով հայաթափում: 1915թ-ին Օսմանյան կայսրության Երիտթուրքական կառավարությունը որոշեց մեկընդմիշտ վերացնել հայկական հարցը հայերի համընդհանուր տեղահանման և կոտորածի միջոցով: Ավելի քան 1,5 միլիոն հայեր սպանվեցին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության այլ տարածքներում մինչև 1920թ-ի սկիզբը:

Շվեդիան, գտնվելով այդ իրադարձություններից զգալի հեռավորության վրա, բավականին տեղեկացված էր դրանց վերաբերյալ, ինչպես և մյուս եվրոպական երկրները: Շվեդների հետաքրքրությունը հայերի ճակատագրով արտահայտվում էր բազմաթիվ գրքույկների հրատարակությամբ, ինչպես նաև տարատեսակ միջոցառումների կազմակերպման միջոցով:

Շնորհիվ ստոկհոլմաբնակ բանասեր Նորայր Բյուզանդացու՝ համիդյան կոտորածների ժամանակ շվեդ հասարակությունը մոտիկից տեղեկացել է հայ ժողովրդին բաժին ընկած ողբերգությանը։ Վերջինս մի քանի հոդված է թողարկել այդ առիթով՝ կոչ անելով սատար կանգնել հայ որբերին ու այրերին։ 1897թ-ին շվեդական հասարակությունը հանգանակել էր մոտ 5,000 ֆրանսիական ֆրանկ հայ փախստականներին օգնելու նպատակով: Այն շվեդների ցուցակը, ովքեր դրամական միջոցներ էին նվիրաբերել հայ փախստականներին օգնելու նպատակով, հրապարակվել էր շվեդական օրաթերթերից մեկում:

1896թ-ից սկսած շվեդական, նորվեգական և դանիական մամուլում լույս են տեսել հոդվածներ հայ ժողովրդի իրավիճակի մասին․ Գ.Գոդեի «Հալածանքները Հայաստանում» և Հ.Լարսենի գրքույկները։ 1987թ-ին Ջոն Լարսոնը հրատարակել է «Արյան և արցունքի երկրից. ճանապարհորդական նոթեր Հայաստանի» գրքույկը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում հայերի իրավիճակին և համիդյան կոտորածներին: Մեկ այլ շվեդ գրող Ն.Վերները նկարագրել է հայերի նկատմամբ իրականացված արյունահեղությունը իր «Մահացող Հայաստան» գրքույկում: Շվեդական հասարակությունը տեղեկացված էր հայերի կոտորածների մասին նաև օտարերկրյա գրողների գրքերից, ինչպիսիք են գերմանացի գրող Մարիա վոն Օտտերի «Քո եղբոր արյունը» և Ելիզաբեթ Ֆրանկեի «Հակոբը և իր փոքրիկ ընկերները» ստեղծագործությունները:

1886-ին Կովակս են այցելել առաջին շվեդ միսիոներները՝ Լարս Երիք Հոգբերգը (1859-1924թթ.) և Նիլս Ֆրեդրիկ Հոյերը (18571925թթ.)։

Հոգբերգն այցելել է Հայաստան, գործել Ղարաբաղի շրջանի հայերի մեջ, 1889թ-ին Թավրիզում բացել է ավետարանչական դպրոց։ Հետագայում Հոգբերգն հայերին հիշել է որպես մի «մտավորական ժողովրդի, ովքեր կրում են հարյուրամյակների ազդեցությունը»։

Մեկ այլ շվեդ քարոզիչ, Վիլհելմ Սարվեն 1858-1948թթ. հայերի հետ իր հանդիպումների մասին գրել է շվեդ քարոզչական մամուլում «Հայերը, - գրել է նա, - հրաշալի և զարգացած ազգ են։ Նրանք խելոք և ձեռներեց վաճառականներ են, շատերը բարձր դիրք են գրավում և աշխատում են համայնքում բոլորի կյանքը բարելավել ... Նրանց տները հաճելի են, ընտանեկան կյանքն ավանդապահ է։ Նրանց երեխաները սովորաբար շատ լավ դաստիրակված են։ Հայկական և թաթարական գյուղերը միմյանցից այնքան տարբեր են, որքան Կոնգոյում տարբեր են քարոզիչների ապրելատեղը և հեթանոսական գյուղը»։ 

Օսմանյան կայսրությունում հայության վիճակի և համիդյան կոտորածների մասին շվեդերեն գրքույկով հանդես է եկել Արևելյան Հայաստանում միսիոներական բազմամյա աշխատանք կատարած Էրիք Յոն Լարսոնը։ Այս և ուրիշ գրքույկների շնորհիվ շվեդները քաջատեղյակ են դարձել հայ ժողովրդի կրած փորձություններին։

Մեծ է հատկապես արևմտահայ կարոտյալների շրջանակներում գործունեություն ծավալած սկանդինավցի միսիոներուհիների ավանդը։

Եվրոպական մամուլը, լայնորեն արձագանքելով համիդյան ջարդերին, հանրային մեծ կարծիք է ստեղծել, ուստիև Եվրոպայի բարեգործական մի շարք կազմակերպություններ լծվել են կոտորածներից տուժողներին օգնելու գործին։
Ստոկհոլմում 1894թ-ին ուսուցչուհի Ֆրեդդա Համմարը և բարոնուհի Զիգրիդ Քուրքը հիմնել են Շվեդ կանանց քարոզչական ընկերությունը։
1900թ-ին հիմնվել է Դանիայի տիկնանց միությունը։ Միության շրջանակներում ստեղծվել է հայանպաստ վարչությունը, որի ղեկավարը եղել է Վանդա Չեմբերլեյն Օքսհոլմը։ Այս միությունը սկսել է կազմակերպել հանգանակություններ և Գերմանական նպաստամատույց օգնության միջոցով օժանդակել Խարբերդի, Մարաշի, Վանի և Մուշի գերմանական որբանոցներին։  Ավելի ուշ, Շվեդ կանանց քարոզչական ընկերությունը գերմանական և դանիական միությունների հետ մեծապես օգնել է Հունաստան տարագրված հայ գաղթականներին։
Դանիայի տիկնանց միությունն առաջինը հայության մեջ աշխատելու է ուղարկել քույր Քրիսթա Համմերին։ Վերջինս 1901-ին մեկնել է Խարբերդ և Մեզրե, օգնել որբերին, խնամել հիվանդներին։

Շվեդական քարոզչական ընկերությունը 1901 թվականին Քրիսթա Համմերի հետ աշխատելու նպատակով Ալմա Յոհանսոնին ուղարկել է Մուշ և Մեզրե, որտեղ վերջինս մնացել է մինչև 1915թ-ի դեկտեմբերը։ Այս առաքինի, անձնուրաց և հայերենին քաջագիտակ շվեդուհին աշխատել է Մեզրեի և Մուշի գերմանական միսիոներական հաստատությունում և որբանոցում։ 1915 թվականին Ալմա Յոհանսոնը վերադառնում է Ստոկհոլմ, սակայն հինգ տարի անց մեկնում է Կ.Պոլիս Ուսկուդարի և Մակրիկյոյի հայ որբերին օգնելու նպատակով (1920-1922թթ), իսկ այնուհետև Հունաստանի Սալոնիկ քաղաք (1923-1941թթ): Սալոնիկում Յոհանսոնը փախստական հայ կանանց համար հիմնում է ֆաբրիկա: Այս մեծանուն շվեդուհու շնորհիվ ավելի քան 200 հայ կանայք մոտ հինգ տարի ապահովվեցին աշխատանքով և եկամտի աղբյուրով: 1941թ-ին Ալմա Յոհանսոնը վերադարձել է Շվեդիա, սակայն կապ է պահպանել իր հայ բարեկամների հետ, որոնք նրան նամակներ են ուղարկել՝ կոչելով նրան «Սիրելի մայրիկ»։ Գրել է երկու գրքույկ՝ «Մի աքսորյալ ժողովուրդ» և «Հայ աքսորականների կյանքը»։ Ալմա Յոհանսոնի հիշատակը մինչ օրս վառ է հայերի մեջ։

Առաջին աշխարհամարտի տարիներին Շվեդիայի տարբեր քաղաքներում տեղի են ունեցել հայությանը նվիրված զանազան միջոցառումներ, որոնց մասնակցել են շվեդ հայագետներ՝ Էվլադ Լիդենը, Հերբերթ Փեթերսոնը, տիկին Լինդհագենը։ 1917 թվականին Ուպսալայում կազմակերպվում է խաղաղության համաժողով: Համաժողովի ծրագիրը բաղկացած էր 90 կետից, որոնք վերաբերում էին որոշակի ազգերի համար խաղաղության հաստատմանը: Ծրագրի 9րդ կետը վերաբերում էր հայերի իրավիճակին:

Շվեդիայում 1917թ. տեղի ունեցած ամենամեծ բողոքի ցույցերից մեկը նույնպես նվիրված էր հայերի իրավիճակին։Ցույցի հեղինակներն էին շվեդ քաղաքական գործիչներ Կարլ Լինդհագենը, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Հյելմար Բրանտինգը (1860-1925) և գրող Մարիկա Ստյերնստեդտը (1875-1954): Այս բողոքի ակցիան ցույց տվեց, որ հայկական հարցը ունի որոշակի նշանակություն Շվեդիայի ներքին քաղաքականության համար: Ցույցի ժամանակ պարոն Հյելմար Բրանտինգը (Շվեդիայի ապագա վարչապետը) հանդես եկավ բացման խոսքով: Նա հայերի կոտորածները որակեց «կազմակերպված և հետևողականորեն իրականացված ցողասպանություն (folkmord)» և մեղադրեց շվեդական մամուլին երկար ժամանակ այդ ոճրագործության մասին լռություն պահպանելու մեջ:

Շվեդիայում հայամետ շարժման այլ ակնառու գործիչներից էին Ջ.Հիրնը, Ֆիշերը, պրոֆեսսոր Էբբե Թունելդը (1877-1947թթ.), ֆրանսիացի գնդապետ Միշոֆը և բարոն դե Վուքսը, ովքեր ապրում էին Ստոկհոլմում, ինչպես նաև տիկին Լինդհագենը, արքայադուստր Ինգեբորգը և արքայազն Գուստավը:

1921-ի փետրվարի 9-ից 12-ը սկանդինավյան չորս երկրների ներկայացուցիչներ հանդիպել են Ստոկհոլմում՝ քննարկելու հայ ժողովրդին աջակցելու խնդիրը։ Որոշվել է յուրաքանչյուր երկրում ստեղծել հանձնախմբի մեկական մասնաճյուղ։ Նրանք որոշել են գործունեության երկու ուղի որդեգրել։ Առաջին. ազդել սկանդինավյան քաղաքական ոլորտների վրա՝ մանդատավոր դառնալու Հայաստանի համար, երկրորդ՝ փրկել հայ կանանց և երեխաներին մահմեդական գերությունից։

«Հայաստանի շվեդական հանձնախմբի» (Svenska kommittéen för Armenien) անդամներ են ընտրվել աստվածաբան Նաթանայել Բեսքովը (Դյուրսհոլմ), ուսուցիչ Դագնի Թորնվալը, պաստոր Սամուել Թիելսը (Ստոկհոլմ), Մեֆոդիի աստվածաբանական դպրոցի ռեկտոր Յունաթան Յուլենը (Ուփսալա), եկեղեցական Հագբարդ Իսբերգը (Մալմյո), եկեղեցու պատմաբան Յալմար Հոլմքվիսթը (Լունդ)  և Յոն Վաքսթրյոմը (Նուրբի)։ Նրանք «Փրկել Հայաստանը» վերտառությամբ հոդվածով կոչ են արել շվեդ ժողովրդին օգնել հայ գաղթականներին՝ գրելով մասնավորապես հետևյալը. «Շվեդական հանձնախումբը ցանկանում է ջերմորեն դիմել շվեդ ժողովրդին, որ նա գործնականորեն տեղյակ պահի հայ ժողովրդին, որ Հյուսիսում բարեկամներ ունի, որոնք մարդկային համերաշխությամբ ցանկանում են նրանց կողքին լինել»։

Մարտի 9-ից մինչև նոյեմբերի 21-ը «Հայաստանի շվեդական հանձնախմբին» հաջողվում է հավաքել 11,294 շվեդական կրոնի հանգանակություն: Այս գումարը փոխանցվում է «Հայաստանի ժողովրդի օգնության գերմանական կոմիտեին»:

Հայկական հարցի ամենաակտիվ աջակիցներից էր հայտնի աստվածաբան Ֆրեդրիկ Նաթանայել Բեսկովը (1865-1953թթ.): Հայկական հարցը գտնվում էր իր ուշադրության կենտրոնում ավելի քան 10 տարվա ընթացքում: Հանդիսանալով Դյուրսհոլմ վարժարանի ռեկտորը և ակտիվ հասարակական գործիչ՝ Բեսկովը հրատարակում է Հայաստանին նվիրված մոտ 15 հոդված շվեդական պարբերականներում (մասնավորապես՝ «Կրիստետ սամհելսլիվ» (Kristet samhelsliv) պարբերականում, որի համախմբագիրն էր նա: 1924թ. փետրվարին Բեսկովը Ստոկհոլմում կազմակերպում է Հայաստանին նվիրված միջոցառում, որին մասնակցում են մի շարք շվեդ գիտնականներ:

 

Հայ-շվեդական պատմական առընչությունների վերաբերյալ տեղեկությունները վերցվել են Արծվի Բախչինյանի «Հայությունը Սկանդինավիայում» գրքից։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Շվեդիա, Ստոկհոլմ, 113 59, Սվեավեգեն 76

Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: