Լուրեր

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությանը

27.08.2019

Կից լուսանկարներ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությանը

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությանը

 

Ամբողջ ալբոմ »

Օգոստոսի 27-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց պաշտոնական այցով Երևանում  գտնվող Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությանը:   

 

Ողջունելով հյուրերին Հայաստանում՝ նախարար Մնացականյանը գոհունակություն հայտնեց հայ-շվեդական հարաբերություններում առկա դինամիկայի առնչությամբ՝ ընդգծելով, որ պարբերաբար տեղի ունեցող բարձրաստիճան այցելությունները և հանդիպումները, ինչպես նաև Շվեդիայի խորհրդարանի նման ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան ևս մեկ վկայություն են այն կարևորության, որ երկու երկրները  տալիս են երկկողմ օրակարգի առավել ընդլայնմանը և հարստացմանը: Այս համատեքստում երկուստեք ընդգծվեց խորհրդարանական դիվանագիտության դերը և վերջինիս ներուժի լիարժեք կիրառումը հայ-շվեդական հարաբերությունների առավել ամրապնդման գործում:

 

Նախարար Մնացականյանը շվեդական պատվիրակության անդամներին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները և կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ որպես կառավարության գերակայություն ընդգծելով դատական համակարգի բարեփոխումը՝ ուղղված վերջինիս նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, ինչպես նաև անկախության և անկողմնակալության ապահովմանը։ Այս համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև բարձր գնահատեց Շվեդիայի գործուն աջակցությունը՝ Հայաստանի ազգային գերակայությունների խթանման և առաջմղման գործում:

 

Անդրադառնալով ԵՄ և Հայաստանի միջև հաստատված արժեքահեն հարաբերություններին՝ ՀՀ ԱԳՆ ղեկավարն առանձնահատուկ կարևորեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ որպես Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք:

Զրուցակիցների խնդրանքով՝ նախարար Մնացականյանն անդրադարձ կատարեց նաև Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերություններին: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները՝ առանձնահատուկ կարևորելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը և ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացումը:

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր