Պատմական ակնարկ

ՇՎԵԴԻԱՅՈՒՄ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Շվեդահայ համայնքը կազմավորվել է 1970-ական թվականներին` ի հաշիվ Լիբանանից, Պաղեստինից, Սիրիայից, Իրանից գաղթած հայերի: Նրանց հոսքը Շվեդիա պայմանավորված էր Մերձավոր Արևելքի երկրներում ստեղծված անկայուն քաղաքական իրավիճակով և Շվեդիայում սոցիալական ապահովության բարձր մակարդակով:

Մինչև 1960-ականների վերջը հայերի բնակեցումը Շվեդիայում տեղի է ունեցել տարերայնորեն, եկել են Ռուսաստանից, Թուրքիայից և Մերձավոր Արևելքից։ 1980-ին հայերի թիվը Շվեդիայում հասել է 500-ի: Հետագա տարիներին հայերի հոսքը Շվեդիա շարունակվել է հատկապես Իրանից: 1990-ական թվականներին Շվեդիայում հաստատվել են մոտ 400 հայաստանցիներ:

Երկրում հայերի թվի ստվարացմանը զուգընթաց` սկսել է ձևավորվել համայնքի ազգային կյանքը: 1974թ-ին հիմնվել է շվեդահայ առաջին կազմակերպությունը՝ Ստոկհոլմի Հայ Մշակութային միությունը:

1989թ-ի դեկտեմբերին Սանդվիքեն քաղաքում գումարվել է Շվեդիայի հայկական միությունների և ընկերությունների առաջին համագումարը, որն անհրաժեշտ է համարել ստեղծել Շվեդիայի հայ համայնքի ազգային և կրոնական կյանքը ղեկավարող մարմին: 1991թ-ին Ուպսալա քաղաքում հրավիրված երկրորդ համագումարն ընդունել է Շվեդիայի հայկական միությունները համադրող կենտրոնի կանոնագիր-ծրագիրը և ընտրել հիմնադիր մարմին: Համադրող կենտրոնի ժամանակավոր նստավայրն է ընտրվել Ուպսալա քաղաքը:

Հետագա տարիներին երկրի տարբեր քաղաքներում ստեղծվել են հայկական տարբեր ընկերություններ և միություններ, որոնց գործունեության առանցքը հայապահպանությունն է: Նույն ժամանակաշրջանում Շվեդիայում աշխուժացել է Հայ առաքելական եկեղեցու գործունեությունը:

1988թ. դեկտեմբերի 9-ին Շվեդիայում ստեղծվել է Երկրաշարժի օգնության կոմիտե (ԵՕԿ), որի կազմի մեջ են մտել Ստոկհոլմի եկեղեցական խորհրդի, Հայ-շվեդական մշակութային կենտրոնի, Հայ մշակութային միության, Ուպսալայի եկեղեցական խորհրդի, Ուպսալայի «Րաֆֆի», Վեսթերոսի  «Արարատ», Սյոդերթելիեի հայ մշակութային միություների ներկայացուցիչները: ԵՕԿ-ը, գործակցելով շվեդական պաշտոնական կառույցների և Շվեդիայի Ազատ եկեղեցու հետ, Հայաստան է ուղարկել մթերք, բժշկական սարքավորումներ, դեղորայք, հագուստ և բժշկական գործիքներ:

1988թ-ից ի վեր շվեդահայ համայնքը կազմակերպում է նաև օգնություն Արցախին. բուժօգնության միջոցներ է ուղարկել Մարտակերտ, հովանավորում է Քարինտակ գյուղի դպրոցի վերաշինման աշխատանքները և այլն:

Ներկայումս հայերի թիվը Շվեդիայում շուրջ 12 հզ է, որից 4 հզ. բնակվում  են Ստոկհոլմում  (և արվարձաններում): Մնացածը՝ Ուպսալա, Վեսթերոս, Սյոդերթելիե, Գոտենբուրգ, Սանդվիքե, Մալմո քաղաքներում: Շվեդահայերի մեծ մասն աշխատում է գործարաններում, պետական կամ մասնավոր հաստատություններում, կան արհեստավորներ, առևտրականներ, մեծ թիվ է կազմում մտավորականությունը:

Ստոկհոլմում գործում են Արարատ միությունը, Ստոկհոլմի եկեղեցական խորհուրդը, ՀՕՄ-ի Ստոկհոլմի մասնաճյուղը: 1989-95թթ. Հայ-շվեդական մշակութային կենտրոնն ունեցել է հայկական ռադիոժամ: Ներկայումս Ստոկհոլմում է գտնվում Շվեդիայի հայկական միությունները համադրող կենտրոնի գրասենյակը:

Ուպսալայում բնակվում է շուրջ 1500 հայ, որոնց մեծ մասը ներգաղթել են Իրանից: Գործում են Ուպսալայի եկեղեցական խորհուրդը, Ուպսալայի «Րաֆֆի» միությունը: Տեղի հայ համայնքի ակտիվ գործիչներից են Վահագն Ավետյանը, Կառլեն Մանսուրյանը, Կարո Հակոբյանը, Ռաֆիկ Բորոյանը, Հրանտ Գալստյանը, Կարեն Օհանջանյանը, և ուրիշներ:

Վեսթերոս, Սյոդերթելիե,Օրեբրո, Սանդվիքեն, Գոտենբուրգ, Թրոլհաթթան, Յոնշյոքինգ, Լինշյոփինգ և Մալմո քաղաքներում նույնպես ձևավորվել են փոքրաթիվ հայ համայնքներ, գործում են մշակութային միություններ:

Շվեդահայության հասարակական կյանքը կազմակերպող մշակութային միությունների և ընկերությունների գործունեության հիմնական նպատակը մայրենի լեզվի, ազգային ավանդույթների և մշակույթի պահպանումն է, Հայաստանի հետ սերտ կապերի հաստատումը։ Համայնքում նշվում են հայկական ազգային և պետական տոները, Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը։  

 

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր