Հայտարարություններ

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ - 2016

15.03.2016

2016 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շարունակում է արտասահմանյան երկրներում գործող հայկական վարժարաններում, դպրոցներում, մանկապարտեզներում, մեկօրյա և այլ տիպի կրթօջախներում դասավանդող հայագիտական առարկաների ուսուցիչներին, տնօրեններին/ուսումնական մասի տեսուչներին` վերապատրաստման ծրագիրը:

Հայաստանում վերապատրաստումն ընթանալու է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված տարբերակված հետևյալ 6 մեկամսյա ծրագրերով.

Ա. Ուսուցում մանկապարտեզում

Բ.  Ուսուցում մեկօրյա դպրոցում

Գ.  Տարրական ուսուցում

Դ. Հայոց լեզվի և գրականության դասավանդում

Ե. Դպրոցների կառավարում           

Զ. Լրացուցիչ կրթության և արտադասարանային դաստիարակության կազմակերպում (երգ, պար, թատրոն, նկարչություն, ձեռագործ և այլն)

Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվեն ՀՀ կրթության և գիտության նախարարության վկայագրեր: Գործող ուսուցիչների համար մասնակցության սահմանափակումներ չկան:

Ծրագրի ընթացքում դասընթացների կազմակերպման, ուսուցիչների կեցության և շրջագայության ծախսերը, ծրագրի բացման օրվանից մինչև փակման օրը, ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը: Ճանապարհածախսը, ներառյալ օդանավակայանից մինչև հյուրատունը և Հայաստան մուտքի արտոնագրի (վիզա) ծախսերը հոգում են մասնակիցները կամ համապատասխան կազմակերպությունները, կրթօջախները, բարերարները:

Վերապատրաստման սկիզբը համարվում է ծրագրի մեկնարկային օրը` հուլիսի 04-ը:

Ծրագրի ժամանակացույցը հետևյալն է.

03 հուլիսի - հյուրատուն մուտքի և տեղավորման օր

04 հուլիսի - ծրագրի բացում

30 հուլիսի - հյուրատանից ելքի օր:

Ավելի վաղ ժամանելու կամ ուշ մեկնելու դեպքում՝ կեցության ծախսերը հոգում են մասնակիցները: Այս պարագայում՝ մասնակիցների համար կսահմանվեն հյուրատանը մնալու զեղչված գներ: Հյուրանոցի սենյակները նախատեսված են 2-4 հոգու համար:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 31-ը ներառյալ ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացնել.

Ուսուցչի կողմից լրացված և կրթօջախի տնօրինության կողմից վավերացված մասնակցության հայտը։

Մասնակցության պաշտոնական հաստատումներն ուսուցիչները կստանան իրենց էլեկտրոնային հասցեով մինչև հունիսի 8-ը ընկած ժամանակահատվածում: Երկրից և աշխատավայրից բացակայության հիմնավորման համար պաշտոնական հրավերի անհրաժեշտության դեպքում` խնդրում ենք տեղեկացնել նախապես:

Ծրագրերի ընդհանուր նկարագիրը և հիմնական դասախոսների ցանկը, ինչպես նաև հյուրատան հասցեն և կեցության հետ կապված այլ տեղեկություններ կփոխանցվեն մասնակցության հայտ ներկայացրած ուսուցիչներին հունիս ամսվա ընթացքում:

Մասնակիցների համար նախատեսվում են նաև հանդիպումներ, ճանաչողական-ուսուցողական շրջայցեր և մշակութային ծրագիր:

Հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ ՀՀ կրթության և գիտության նախարարության Սփյուռքի հետ կապերի բաժնից.

 

Հեռ. +374 10 58-13-91

Ֆաքս. +374 10 52-73-43

Էլ. փոստ. spyurq@yahoo.com կամ info@edu.am

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր