Հայտարարություններ

Ամանօրյա շնորհավորական ուղերձ

31.12.2015

Կից լուսանկարներ

Տարվա կարևոր իրադարձությունները

Ամբողջ ալբոմ »

Սիրելի հայրենակիցներ, 

Ավարտին է մոտենում 2015 թվականը։ Այն նշանավորվեց հայ-շվեդական հարաբերությունների զարգացման նոր մակարդակով և հագեցվածությամբ։ Տարվա ընթացքում Շվեդիա այցելեցին ՀՀ առողջապահության և սփյուռքի նախարարները, Հայաստան այցելեցին Շվեդիայի բարձրագույն կրթության և հետազոտությունների նախարարի, Ուպսալայի նահանգապետի գլխավորած պատվիրակությունները։

Տարին խորհրդանշական էր համայն հայության համար, որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման տարի՝ նոր հանգրվան հանդիսանալով հայության զարթոնքի և պահանջատիրության երկարատև, բայց հաղթական ընթացքի համար։ Շվեդիան տարվա ընթացքում վերստին հաստատեց իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում` բարձր մակարդակի պետական մասնակցություն ապահովելով Ստոկհոլմում և Երևանում կազմակերպված հիշատակի միջոցառումներին։ 

Շվեդիայի և Ֆինլանդիայի հայ համայնքները, համայն հայության ջանքերին համահունչ, ձեռնամուխ եղան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների իրականացմանը։ Համայնքի բոլոր կառույցների և անդամների անմնացորդ նվիրումի և եռանդի շնորհիվ կազմակերպվեցին տասնյակ հիշատակի միջոցառումներ, որոնց մասնակցեցին տասնյակ հազարավոր Շվեդիայի և Ֆինլանդիայի քաղաքացիներ: Որպես կազմակերպված միջոցառումների բարձր գնահատական Շվեդիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախումբն արժանացավ ՀՀ Նախագահի հատուկ շնորհակալագրին։
Տարին նշանավորվեց նաև Շվեդիայի հայ համայնքի առաջին Հայ առաքելական եկեղեցու օծմամբ:

Ամփոփելով 2015թ.` ցանկանում եմ, որ գալիք տարին ձեզ և ձեր ընտանիքներին պարգևի անսահման սեր, հավատ և երջանկություն, իսկ մեր հայրենիքին` խաղաղություն, մեր պետականության անխափան վերելք և զորացում։ 
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:


Արտակ Ապիտոնյան
Շվեդիայում և Ֆինլանդիայում ՀՀ դեսպան

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր